Դավթաշենի Մասին

Դավթաշենը գտնվում է Հրազդան գետի աջ ափին։Նախկինում հայտնի էր <<Առաջին գյուղ>>անվանումով և ընդգրկված էր Երևանի Շահումյանի շրջանի կազմում։ Տարածքը վերանվանվել է <<Դավթաշեն>> 1939թ.-ին՝ <<Սասունցի Դավիթ>> էպոսի 1000-ամյակը տոնելու օրը, և մինչ օրս կրում է այդ անունը։ Խորհրդային տարիներից սկսած Երևանը աճել է, զարգացել և ընդլայնել իր տարածքը՝ ընդգրկելով իր մեջ շրջապատի արվարձանները։ 1970-ական թվականներին գյուղը դարձավ Երևանի մաս։ 1984թ.-ին Հայկական ՍՍՀ Երքաղսովետի գործկոմի որոշմամբ Դավթաշեն թաղամասի շինարարության համար հատկացվեց 223,0 հա հողատարածք։ 1980-ական թվականներին, երբ Երևանը բաժանված էր 8 վարչական շրջանների, այժմյան Դավթաշենը և Աջափնյակը եղել են Մաշտոցի շրջանի կազմում։ Դավթաշենը Երևանի թաղային համայնք է դառնում 1996թ.-ին՝ <<Վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի օրենքի ընդունումից հետո, իսկ վարչական շրջան՝ <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2009թ.-ին։1996-1999 թվականներին Դավթաշեն համայնքը ղեկավարել է Ռուբեն Գևորգյանը, 1999-2008 թվականներին՝ Սուրիկ Ղուկասյանը, 2008-2012 թվականներին՝ Ռուսլան Բաղդասարյանը։ Ներկայիս ղեկավարը Միքայել Թումասյանն է։

Mountain peak covered in snow

Սրբոց Նահատակաց եկեղեցի

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը սկսվել է 1996 թվականին՝ Ռուբեն Գևորգյանի ֆինանսավորությամբ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի օրոք՝ 1996 թվականի հուլիսի 31-ին, կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքը: Եկեղեցու առաջին պատարագը մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին: Նախագծի հեղինակը Լևոն Ումեդյանն է: Եկեղեցին կառուցվել է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Գմբեթավոր եկեղեցի է, կառուցված մոխրագույն տուֆից, իսկ հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են: Եկեղեցու զարդաքանդակներով փայտե դռան գլուխգործոցը Արսեն Փանոսյանինն է:

Looking over peaks from inside a plane

Դավթաշենի կամուրջ

Դավթաշենի կամուրջը գտնվում է Երևանում՝ Հրազդան գետի կիրճի վրա։ Այն մետաղական է և միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Ունի 496 մետր երկարություն, 32 մետր լայնություն և Հրազդան գետի մակարդակից 92 մետր բարձրություն։ Կամրջի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականների կեսերից, սակայն աշխատանքները 1988 թվականին դադարեցվել են և շարունակվել 1990-ական թվականներին։ Դավթաշենի կամուրջը նախագծվել է <<Հայպետտրանսնախագիծ>> ընկերության կողմից, որը ներկայումս կոչվում է <<Տրանսնախագիծ>>, կառուցվել է <<Կամուրջշին>> ընկերության կողմից և 2000 թվականին հանձնվել շահագործման։

Այգի

Դավթաշենի Այգի

Կենտրոնական այգին գտնվում է Դավթաշենի առաջին և երկրորդ թաղամասերի միջև։ Այն ունի 3 հա տարածք(1000*300), 3 ուղղահայաց և 3 հորիզոնական ճեմուղիներ:  Այգին կառուցվել է աստիճանաբար՝ մի քանի տարվա ընթացքում։ Առկա են խաղահրապարակներ, տարբեր ատրակցիոններ, սրճարան և այլն։ 2001թվականին Քրիստոնեության ընդունման 1700 ամյակի կապակցությամբ այգում կանգնեցվել է խաչքար։ Այգում տնկված են ծառերի բազմաթիվ տեսակներ։ Քաղաքապետարանի կողմից տեղադրված են նստարաններ, որոնք ամեն տարի թարմացվում են։ 2021-2022 թթ Ամանորին  այգում կանգնեցվեց լույսերով ողողված տոնածառ, որի շուրջը լույսերից պատրաստված կենդանիներ։